Հայկական հրատարակություններ

1864թ. հիմնվում է Բաքվի Հայոց Մարդասիրական ընկերությունը, որի ջանքերով 1870թ. բացվեց Բաքվի առաջին հայկական տպարանը: Այստեղ  Թիֆլիսի «Էնֆիաճյան» տպարանից բերած տառնիշերով տպագրվեց «Հնդկացվոց անցքը անմարդաբնակ կղզիներում» գիրքը թարգմանությամբ` Ավագ Գրիգորյանի (1872թ.), «Սոխակ Հայաստանի» երգարանի 4 պրակները (1874թ.),  «Գոշ Մխիթար, Ողիմպիանու և Եզովպոսի ընտիր առակները»` Խորեն քհ. Միրզաբեկյանի թարգմանությամբ (1878թ.), Մարդասիրական ընկերության հաշվետվությունները: 1874թ.-ից գործել են «Մալֆայանցի և ընկ.», 1876-ից ` Ղասաբյանցի տպարանները:
 
1880-ական թթ. այստեղ բացվել են Ս. Տեր-Հովհաննիսյանի (Մարդասիրական տպարանի գրաշար) և Ալեքսանդր Ղասաբյանի, իսկ 1890-ականներին` Ս. Շահբազյանի և «Արոր» տպարանները: Վեջինիս համար Կ. Պոլսից բերվում են «Արամյան» տառատեսակներ, ինչի շնորհիվ պատրաստվում են նոր բարձրորակ հրատարակություններ, ինչպես օրինակ` «Արոր» պատկերազարդ օրացույցները (1893-96): Տեղեկատու գրականության մեջ հիշատակվում են նաև Գյուլբասարյանի և «Եղբայրք Ղազարեան» տպարանները: Նրանցից մի քանիսը` «Արոր» և  Շահբազյան տպարանները, գործել են մինչև 1920թ.-ը: 20-րդ դարի սկզբին հիմնվել են Ն. Երևանյանցի, Մ. Անտոնյանցի, Ա. Թառայանի, Լ. Միրզոյանի, Կ. Խատիսյանի, «Արծվաբերդ», «Արամազդ» Կարապետյան եղբայրների տպարանները: Բաքվում հայերեն գրքեր և պարբերա-կաններ տպագրվել են նաև «Տրուդ», «Տրուժեննիկ», «Բաքու» և այլ ոչ հայապատկան տպարաններում:

Բաքվի Հայոց Մարդասիրական ընկերության ջանքերով քաղաքում ստեղծվել է նաև թանգարան, որտեղ հավաքվել են ձեռագրեր, հնատիպ գրքեր, հայ գործիչների արխիվներ: 1870թ.-ին բացվել է գրադարան, որին կից` սկսած 1880թ.-ից գործել է ընթերցարան: Գրադարանում տարբեր տարիների աշխատել են Շիրվանզադեն և Լեոն: 1914թ.-ին գրադարանն ունեցել է 21800 գիրք, ստացել է 68 անուն պարբերական: 1894թ. գրադարանին կից ստեղծվել է գրական ֆոնդ:

Ընդհանուոր առմամբ 1872-1920թթ. Բաքվում լույս են տեսել շուրջ 300 անուն գրքեր, դասագրքեր, տեղեկատուներ: Դրանք հիմնականում լույս են տեսել աշխարհաբար հայերենով: