Բաքվի պատմությունը

Բաքուն բնակեցված է եղել հնագույն ժամանակներից և առաջին անգամ հիշատակվում է V-րդ դարի սկզբնաղբյուրներում: Քաղաքը գտնվում է Ապշերոն թերակղզու հարավային մասում և հարուստ է նավթի և բնական գազի պաշարներով: 

Վաղ միջնադարում Ապշերոն թերակղզին կազմել է Շիրվանի մաս,  իսկ VII դարում արաբների տիրապետության ժամանակ դարձել է կուսակալություն: IX-XIVդդ.` Բաքուն հանդիսանում էր Շիրվանշահերի արաբական պետության տիրույթը: Բաքվի մասին հիշատակություններ կան նաև IX և X-րդ դարերից: Մասնավորապես, արաբական ճանապարհորդներ և աշխարհագրագետներ Ալ-Մուքադասիի, Ալ-Մասուդի և Իստահրիի վկայությունները վերաբերվում են Բաքվում նավթի արդյունահանմանը և խոսում քաղաքում նավահանգստի գոյության մասին: Բաքվի նավթային աղբյուրների մասին վկայում են նաև XII-XVդդ. արաբ և պարսիկ հեղինակները` Համդալահ Ղազվինին, Աբդուռաշիդ Բակուվին, Զաքարիա ալ-Ղազվինին, Յակուտ Համավին:

Պատմական Բաքվի միջուկը կազմել է Մանուչեհր III Շիրվանշահի (1120-1160/4) կառավարման օրոք կառուցված հին քաղաքի ամրոցը, որը XV-XVI դդ. համարվել է Անդրկովկասի անառիկ կառույցներից մեկը: 1192թ. Շամախիում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով Շիրվանշահերը իրենց տերության մայրաքաղաքը տեղափոխում են Բաքու, և այն դառնում է Շիրվանի վարչական և քաղաքական կենտրոնը: Բաքվի` Շիրվանշահերի գահանիստը դառնալուց հետո, սկսվում է տեղական նավթի արտահանումը արևելքի մի շարք երկրներ, իսկ XVI-XVII դարերում քաղաքն արդեն հանդիսանում է Կասպյան ծովային առևտրի հանգույցներից մեկը: 

1540թ. Բաքուն գրավվում է Սեֆևյան Պարսկաստանի, իսկ 1580 ականներին Օսմանյան Թուրքիայի կողմից: 1647թ. Բաքու ժամանած թուրք ճանապարհորդ և պատմիչ Էվլիա Չելեբին իր «Ուղեգրության» մեջ նշում է, որ Բաքուն, որպես խանություն մտնում էր Շիրվանի էլայեթի մեջ և համարվում էր Շամախու նավահանգիստը: 1723թ. Բաքուն գրավում են ռուսական զորքերը Պետրոս I-ի գլխավորությամբ, սակայն 1735թ. այն անցնում է Պարսկաստանին: 

1747թ. Բաքուն դառնում է համանուն խանության կենտրոնը: 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի հետևանքով հարավ-արևելյան Անդրկովկասը` ներառյալ Բաքուն, միացվում է Ռուսական կայսրությանը: Վերացվում են Պարսկաստանին ենթակա Բաքվի, Դերբենդի, Ղուբայի, Շիրվանի կամ Շամախու, Շաքիի խանությունները: Նշված տարածքներում ստեղծվում է Շամախու նահանգը, որը 1859թ. վերանվանվում է Բաքվի նահանգի` Բաքու կենտրոնով: Նահանգային կենտրոնը Բաքու տեղափոխելը մեծ նշանակություն է ունենում քաղաքի հետագա զարգացման համար: Դառնալով նահանգային քաղաք` իր ընդերքի հարստությունների շնորհիվ Բաքուն սկսում է արագորեն ընդարձակվել և բարգավաճել: Գյուղացիական հոծ զանգվածներ, ապրուստ ապահովելու համար, ողջ Անդրկովկասից ներգաղթում էին Կովկասի արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկը հանդիսացող և աշխատուժի մեծ կարիք զգացող Բաքու: Ռուսական իշխանությունները 1820-1860թթ. ընթացքում Բաքուն ծառայեցնում էին նաև որպես աքսորավայր: 

Բաքվի բնակչության մասին հավաստի տեղեկությունները վերաբերվում են XIX-րդ դարի վերջին. 1899թ. մարդահամարի տվյալներով Բաքվի բնակչության ըհդհանուր թիվը կազմում էր 182.897 մարդ: Այն համարվում էր բազմազգ քաղաք, որտեղ հայերից, կովկասյան թյուրքերից, ռուսներից, պարսիկներից, հրեաներից ու վրացիներից բացի ապրում էին նաև քիչ թվով եվրոպական ազգություններ (լեհ, շվեդ, գերմանացի և այլն): XIX-րդ դարում Բաքուն` որպես նավահանգստային քաղաք, շարունակում էր ապրանքափոխանակության և առևտրային լայն հարաբերությունների մեջ գտնվել Պարսկաստանի, Անդրկասպյան երկրների, Չինաստանի և այլ երկրների հետ: Միայն 1851-1860թթ. ընթացքում Բաքվի նավահանգիստ տարեկան մուտք է գործել 200 նավ: XIX-րդ դարի 70-ական թթ. Բաքվում սկսում է աճել նավթի արդյունահանումը և արդեն 1901թ. արտադրվեց ռեկորդային քանակությամբ նավթ` 706 մլն փութ: Նավթի արդյունահանման և մշակման շնորհիվ քաղաքը սկսում է զարգանալ որպես նավթարդյունաբերության խոշոր կենտրոն ոչ միայն Անդրկովկասի, այլ նաև անբողջ Ռուսական կայսրության մասշտաբով` իր վրա հրավիրելով նաև եվրոպական երկրների ուշադրությունը: 

1897-1907թթ. հայ արդյունաբերողների կողմից (Ա. Մանթաշյան, Տեր-Ակոպով, Տեր-Մարգարյան և այլոք) կառուցվել է աշխարհում առաջին` Բաքու-Բաթում նավթամուղը: Բաքվի նավթի արդյունահանման գործում մեծ դեր ու տեսակարար կշիռ ունեին հայ նավթարդյունաբերողները:  

Քաղաքի պատմության մեջ երեք անգամ` 1905, 1918 և 1990 թթ. Բաքուն վերածվեց արյունալի հակահայկական կոտորածների թատերաբեմի:
1918թ. սեպտեմբերի 15-ին թուրքական զորքերը և նրանց միացած կովկասյան թյուրքերի անկանոն զանգվածներից կազմված ջոկատները, կոտրելով քաղաքը պաշտպանող հայ և անգլիացի զինվորների դիմադրությունը, մտնում են Բաքու, ուր արյունալի հաշվեհարդար են տեսնում տեղի քրիստոնյա բնակչության` հիմնականում հայերի հանդեպ: Այս կոտորածի ընթացքում սպանվում է շուրջ 10000 հայ:  

1918թ. սեպտեմբերին Բաքուն դառնում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքը, իսկ 1920թ. ապրիլին` Ադրբեջանի խորհրդայնացումից հետո, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաք: 1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո Բաքուն դառնում է Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք: