Բաքու. երեք ջարդերի մայրաքաղաք

Բաքվի հայությունը 20-րդ դարում երեք անգամ ենթարկվել է կոտորածների, որոնք աննախադեպ էին իրենց իրականացման մեխանիզմներով ու հետևանքներով: 

Առաջին կոտորածները տեղի ունեցան 1905թ. ձմռանը և ամռանը, որոնց արդյունքում հայ համայնքը մարդկային ու նյութական մեծ կորուստներ ունեցավ: Տեղի մահմեդականների շրջանում հակահայ քարոզչության ու կրոնական մոլեռանդություն բորբոքելու հետևանքով սկսված ջարդերին զոհ գնացին շուրջ 1000 հայեր:

Բաքվի հայության երկրորդ կոտորածներըտեղի ունեցան 1918թ. սեպտեմբերին, երբ հայերը հայտնվել էին թուրքական ու ադրբեջանական զինուժի առջև լիովին անպաշտպան իրավիճակում: Քաղաքը թալանի ու բռնության հանձնած թուրքական հրամանատարությունը հայերի շրջանում զանգվածային ձերբակալություններ, դաժան սպանություններ ու թալան իրականացրեց: Թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի բռնություններին զոհ գնացին շուրջ 10 հազար հայեր: 

1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության երրորդ լայնածավալ կոտորածները: 

Ադրբեջանական ազգայնականների անհանդուրժողականությանն ու այլատյացությանը զոհ դարձան հարյուրավոր հայեր: Շուրջ 200 հազար հայեր սեփական կյանքը փրկելու համար լքելով իրենց գույքն ու բնակարանները, ստիպված էին լքել Բաքուն դառնալով փախստականներ:

1990թ. հունվարին տեղի ունեցած վերջին կոտորածների արդյունքում դադարեց գոյություն ունենալ դարավոր ավանդույթներ ունեցող Բաքվի հայ համայնքը: