Ընտանեկան լուսանկարներ

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Բաքուն հայաշատ քաղաք էր: Բաքվի հայ համայնքի երկու երրորդը տարածաշրջանի զանազան վայրերից (հիմնականում Արցախ, Սյունիք և Պարսկաստան) գաղթած գյուղացիներ էին, արհեստավորներ կամ բանվորներ, որոնք նոր զարգացող արդյունաբերական քաղաք էին գալիս աշխատանք գտնելու նպատակով: Աստիճանաբար ինտեգրվելով քաղաքային կյանքին` Բաքվի հայությունը ձևավորվում է որպես մի ուրույն համայնք`  նոր վարք ու բարքով և սովորույթներով: Արագ զարգացող քաղաքային մշակույթն իր անդրադարձն է ունենում հայկական ավանդական ընտանեկան արժեհամակարգի և գենդերային փոխհարաբերությունների վրա: Բարեկեցիկ հայկական ընտանիքները հիմնականում իրենց երեխաներին ուսման էին ուղարկում Ռուսաստանի և Եվրոպայի ամենահայտնի ուսումնական հաստատություններ: 

Երիտասարդները, դառնալով ժամանակի առաջադեմ մշակույթի կրողները, վերադառնալով` նոր գիտելիքներ էին ներմուծում Բաքու: Հետզհետե կենցաղում ավանդականն իր տեղը զիջում էր եվրոպական մշակույթին հարիր արժեհամակարգին: Նոր որակի ընտանեկան հարաբերությունների ձևավորման գործընթացը խթանեց նաև հայ աղջիկների կրթության մակարդակի բարձրացումը, որն իր հերթին նպաստեց կանանց` հասարակական և մշակութային գործընթացներին առավել ներգրավված լինելուն: Այսպիսով կարճ ժամանակահատվածում Բաքվի հայությունը դառնում է լիարժեք կյանքով ապրող բարեկեցիկ մի համայնք, որն առաջնային և ուրույն տեղ էր զբաղեցնում այդ քաղաքի կյանքում:

Բաքվի հայկական ընտանեկան կենցաղի, վարք ու բարքի և սովորույթների վերաբերյալ կարևոր աղբյուր են հանդիսանում այն բազմաթիվ ընտանեկան լուսանկարները, որոնք մեզ են հասել քաղաքի նշանավոր հայ լուսանկարիչների աշխատանքի շնորհիվ: