Հայապատկան շենքեր

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Բաքվում, տնտեսական զարգացման հետ մեծ թափ է ստանում նաև քաղաքաշինության զարգացումը: Մեծ չափերի հասած նավթի արտահանումը միանգամից փոխում է տնտեսական հնարավորություները և խթանում արդյունաբերական, բնակելի և հասարակական շենքերի կառուցմանը: Քաղաքի մեծամասշտաբ շինարարությունը և կառուցապատումը կապված էր նաև բնակչության թվի կտրուկ աճի հետ: 

Բաքվի ճարտարապետական դիմագիծը մեծապես ձևավորվել է Պետերբուգում կրթություն ստացած հայ ճարտարապետների և շինարարների ակտիվ ու գործուն մասնակցությամբ: Բաքվի կառուցապատման մեջ հատկապես նշանակալի է ճատարապետներ Գ.Տեր-Միքելյանի, Վ.Սարգսյանի (Սարկիսով), Ն.Բաևի, Հ.Տեր-Հովհաննիսյանի (Քաջազնունի), Ֆ.Աղալյանի, Ա.Կանդինյանի, Մ.Տեր-Գրիգորյանցի ավանդը: Հայ ճարտարապետները, Ռուսաստանից եկող նոր ոճերը ենթարկելով որոշակի վերամշակման, Բաքվում ստեղծեցին ճարտարապետաշինարարական ուրույն նմուշներ:

 Բաքվի ճարտարապետության հիմնադիրներից Գաբրիել Տեր-Միքելյանը XX դարի առաջին քառորդում կառուցված քաղաքի նշանավոր շինությունների հեղինակն է: Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտն ավարտելուց հետո նա մեկնում է Բաքու` աշխատանքի անցնելով հայտնի ճարտարապետ Ի.Վ.Գոսլավսկու արհեստանոցում` որպես վերջինիս օգնական: Գ.Տեր-Միքելյանը նախագծել է Բաքվի քաղաքային վարչության հիմնական շենքի ճակատային մասը: Նրա նախագծով 1910-1912թթ. կառուցվել են Բաքվի Հասարակական ակումբի շենքը (այժմ Ադրբեջանի ֆիլհարմոնիա), ծննդատունը (1899թ.), Թիֆլիսի առևտրական բանկի Բաքվի բաժանմունքի շենքը, (1902-1903), որտեղ այժմ «Մանկական աշխարհ» խանութն է, Առևտրի ուսումնարանը (1905-1910թթ.): Տեր-Միքելյանի գործունեության կարևոր բնագավառներից է նաև եկեղեցաշինությունը: 

Բաքվի XX դարի սկզբի ճարտարապետության և քաղաքաշինության ասպարեզում մեծ է նաև Ն. Բաևի ավանդը: 1911-1918թթ. նա Բաքվի գլխավոր ճարտարագետն է եղել: Նրա նախագծով 1913թ. կառուցվել են Մայիլյանների թատրոնի շենքը, (այժմ` Բաքվի օպերայի և բալետի թատրոն), հիվանդանոցային ավան (19 լազարեթ` 24 մասնաշենքով), մի շարք դպրոցներ, գիմնազիա, Սալիմանովի, Շերեմետևի  և այլոց բնակելի տները, երկաթուղու Սաբունչի կայարանը 1927թ., Սեմաշկոյի անվան վիրաբուժական հիվանդանոցը, Արմենիքենդի մի ամբողջ թաղամաս, որը նրա անունով կոչվել է Բաևի և այլն:

Բաքվի հայ ճարտարապետ Վ.Սարգսյանի նախագծով են կառուցվել 10-ից ավելի շենք նավթագործների բանավանում: Ճարտարապետ Ֆ.Աղալյանի նախագծով կառուցվել են գիմնազիա, ծննդատուն, գանձատուն, Բանվորական տունը և այլն: Բաքվի մի շարք շինությունների հեղինակ է նաև Հ.Քաջազնունին, Մ.Տեր-Գրիգորյանցը և շատ ուրիշներ: Վերոհիշյալ ճարտարապետների կառույցները մինչ այժմ զարդարում են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն: